Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան լրատվամիջոցների, որ եկել էին նրա երդմնակալության արարողությանը մասնակցելու: Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որ վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նախագահի պաշտոնում նրա ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:
Հայաստանի նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել նաև իր երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած օտարերկրյա հյուրերի՝ Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոևի, Կատարի խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:
Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանն առաջին հարցազրույցն է տվել ՏԱՍՍ լրատվական գործակալությանը: «Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում:
Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը: Ցանկանում եմ նաև ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ-ռուսական համագործակցության ողջ համալիրը»` ՏԱՍՍ-ին ասել է Արմեն Սարգսյանը: ՙՎերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռքբերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տեղի են ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում: Միաժամանակ, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք»` ասել է Արմեն Սարգսյանը: «Ե՞րբ եք նախատեսում ձեր առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն», այս հարցին նա պատասխանել է. «Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որ ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Արմեն Սարգսյանը ասել է․ «Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել: Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսասատանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի»:
Հարցազրույցում շոշափվել է նաև Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման հարցը: «Քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտի միջև: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջև, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին»,- մասնավորապես, նշել է Սարգսյանը:
Խոսելով Հայաստանում արտասահմանյան ներդրումների անհրաժեշտության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ «Անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել: Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել: Պետք է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: Դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաև՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից»:
«Ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանը Ձեզ համար» հարցին Սարգսյանը պատասխանել է․«Ինձ համար Ռուսաստանը նախևառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն»: «Որպես Հայաստանի նախագահ՝ ես, անկասկած, իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը»: